Հայաստանը Եվրոպայի խորհրդում

Եվրոպայի Խորհրդին Հայաստանի անդամակցության գործընթացը սկսվել է 1995թ-ից: 1996թ. նոյեմբերի 9-ին ՀՀ Ազգային Ժողովին շնորհվել է հատուկ հրավիրյալի կարգավիճակ: 2000թ. նոյեմբերի 9-ին Նախարարների Կոմիտեի թիվ 2000/13 բանաձևի համաձայն Հայաստանն անդամակցության հրավեր է ստացել, իսկ 2001թ. հունվարի 25-ին դարձել ԵԽ լիիրավ անդամ:

Անդամակցությունից ի վեր, Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է կազմակերպության, վերջինիս հաստատությունների, ինչպես նաև ԵԽ անդամ պետությունների միջև միջկառավարական համագործակցությունը կարգավորող մի շարք փորձագիտական կոմիտեների աշխատանքներում: Հայաստանն անհրաժեշտ քայլեր է ձեռնարկում ԵԽ-ին անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների կատարման և այս նպատակով կազմակերպության մշտական և ժամանակավոր հաստատությունների հետ համագործակցության համար: Հայաստանը վավերացրել է անդամակցությամբ որպես պարտավորություն ստանձնած բոլոր կոնվենցիաները:

Հայաստանի անդամակցությամբ ստանձնած պարտավորությունների շրջանակներում ընդունվել կամ փոփոխվել են մի շարք օրենքներ: Հիշյալ բարեփոխումներն իրականացվել են Եվրոպայի Խորհրդի, մասնավորապես «Ժողովրդավարություն օրենքի միջոցով եվրոպական հանձնաժողովի (Վենետիկի Հանձնաժողով)» անմիջական խորհրդատվական մասնակցությամբ:

Ներկայումս, ԵԽ-Հայաստան համագործակցությունն ընդգրկում է կազմակերպության իրավասության մեջ մտնող գրեթե բոլոր ոլորտները` հաշվի առնելով ՀՀ Կառավարության առաջնահերթությունները, ինչպես նաև մոնիթորինգային մարմինների առաջարկներն ու խորհուրդները: Հայաստանում իրականացվել և դեռևս ընթացքի մեջ են ծրագրեր հետևյալ ոլորտներում. դատաիրավական համակարգ, խոսքի և մամուլի ազատություն, ընտրական օրենսդրություն, կոռուպցիայի դեմ պայքար, սոցիալական համախմբվածություն, կրթություն, մշակույթ և այլ:

Կոռուպցիայի դեմ պայքարի երկրների խմբին (GRECO) և ԵԽ փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի հանձնախմբին (MONEYVAL անդամակցելով Հայաստանն ակտիվորեն մասնակցում է կոռուպցիայի և փողերի լվացման դեմ պայքարին:

Ստրասբուրգում գործում է ՀՀ մշտական ներկայացուցչությունը: ԵԽԽՎ-ում ՀՀ պատվիրակությունը կազմված է չորս մշտական և չորս փոխարինող անդամներից: Հայաստանը ներկայացուցիչներ ունի նաև կազմակերպության տարբեր մասնագիտացված մարմիններում:

Հայաստանում գործում է ԵԽ գրասենյակը:

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հոդվածը․ Եվրոպայի խորհրդին անդամակցության 15-ամյակ