• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եվ իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի Խորհրդի անդամ երկրներում» խորագրով համաժողով Երևանում, հուլիսի 3-5-ին

05 հուլիսի, 2013

Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում հուլիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովում աշխատանքներն սկսեց «Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում» խորագրով համաեվրոպական խորհրդաժողովը: Խորհրդաժողովին մասնակցում էին 32 երկրների եւ միջազգային կառույցների ավելի քան 80 ներկայացուցիչներ:

Ներկայացնելով ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի ողջույնի խոսքը խորհրդաժողովին՝ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը վստահություն հայտնեց, որ «իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչներին ու իշխանությունների հայեցողության սահմանների հիմնախնդիրներին նվիրված համաեվրոպական այս բացառիկ խորհրդաժողովը մնայուն ավանդ կբերի ինչպես մեր երկրում, այնպես էլ Եվրախորհրդի անդամ մյուս երկրներում առկա մարտահրավերների հաղթահարման, մարդկանց իրավունքների առավել արդյունավետ երաշխավորման, ապահովման ու պաշտպանության գործում»:

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը բացման խոսքում ողջունեց համաժողովի մասնակիցներին․ «Նման միջոցառման անցկացումը խորհրդանշական է ոչ միայն այն առումով, որ խորհրդաժողովը տեղի է ունենում Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, այլեւ փաստում է Հայաստանի հավատարմությունը եվրոպական արժեքներին եւ պատրաստակամությունը՝ սերտորեն ինտեգրվելու եվրոպական մեծ ընտանիքին»։

Բացման խոսք ասաց նաեւ Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նախագահ, ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը: Նա նշեց, որ Եվրոպայի խորհրդին անդամակցելուց հետո առաջին անգամ՝ 2013թ. մայիսի 16-ին, Հայաստանը ստանձնեց Նախարարների կոմիտեի նախագահությունը: Այս կարեւոր առաքելությունը նա հավելյալ հնարավորություն համարեց Հայաստանի համար՝ իր ներդրումը բերելու ժողովրդավարության զարգացմանն ուղղված Եվրոպայի խորհրդի անդամ երկրների միասնական ջանքերին։

Մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահ Դին Շպիլմանը եւ ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն: Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախագահը մասնավորապես անդրադարձավ եվրոպական իրավական չափորոշիչներին, կարեւորեց ազգային դատարանների կողմից օրենքների վերահսկողությունը, սահմանադրական նորմերի պահպանման արդյունավետ համակարգի ստեղծումը, այս հարցում իշխանության տարբեր մարմինների հետ փոխգործակցությունը, իշխանության տարբեր թեւերի հավասարակշռման մեխանիզմների ապահովումը: 

ԵԽ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոն արդիական ու կարեւոր համարեց խորհրդաժողովի քննարկման թեման: Նա իրավունքի գերակայությունը իշխանության թեւերի հավասարակշռման, իշխանության ու անհատների սոցիալական վարքագծի կարեւոր հիմք համարեց, իսկ սահմանադրական երաշխիքների ապահովումը՝ յուրաքանչյուր երկրի առաջին պարտականությունը: 

Խորհրդաժողովի առաջին նիստում «Իրավունքի գերակայության սկզբունքը որպես իրավական պետությունում իշխանության ու անհատի սոցիալական վարքագծի արժեբանական հիմք. սահմանադրական երաշխիքները տարբեր երկրներում» թեմայի շրջանակներում «Իրավունքի  գերակայության տեղն ու դերը մարդու եւ քաղաքացու սոցիալական վարքագծում» թեմայով   ելույթ ունեցավ ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ  Գագիկ Հարությունյանը:

Նա նկատեց, որ թեեւ իրավունքի գերակայությունը հանդիսանում է պետության անկյունաքարը, այնուամենայնիվ այն սահմանափակված է մարդու անօտարելի իրավունքներով, ինչը շատ երկրների համար  դարձել է առանցքային սահմանադրական նորմ:

Խորհրդաժողովի երկրորդ նիստում «Իրավունքի գերակայության սկզբունքը՝ որպես օրենսդիր եւ գործադիր իշխանությունների հայեցողության շրջանակների կանխորոշման չափանիշ. դրսեւորումները տարբեր երկրներում» թեմայի վերբերյալ հնչեցին թեմատիկ զեկույցներ:

Եռօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված էին նաև «Օրենքների և այլ իրավական ակտերի դատական վերահսկողությունն անկախ դատական մարմինների կողմից» և «Մարդու իրավունքների պաշտպանի փոխգործակցությունը պետական իշխանության և տեղական ինքնակառավարման տարբեր մարմինների հետ իրավունքի գերակայության սկզբունքի արդյունավետ իրացումը երաշխավորելու գործում» թեմաներով նիստեր։

 www.parliament.am 

 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: