• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին

19 ապրիլի, 2017
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը «Օրեր» ամսագրին
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Պարույր Հովհաննիսյան. Եվրոպայի խորհուրդն աջակցում է Հայաստանին

Օրեր. Վերջին շրջանում եվրոպական կառույցների նկատմամբ լայն տարածում գտած քննադատության համատեքստում ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի և Եվրոպայի խորհրդի (ԵԽ) հարաբերությունները, ինչպիսի՞ դերակատարություն ունի ԵԽ-ն այսօր Հայաստանում։

Պարույր Հովհաննիսյան. Այո, ճիշտ եք նկատել, որ այս օրերին եվրոպական մայրցամաքում բավականին մեծ տարածում ունեն պոպուլիստական, ազգայնական հոսանքները, որոնք գրանցում են նաև ընտրական լուրջ հաջողություններ։ Եվրոպական հաստատությունները (ԵՄ կառույցները), ինչպես նաև Եվրոպայի խորհուրդը` ներառյալ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ), հաճախ թիրախներ են դառնում արդիական այնպիսի հիմնախնդիրների` միգրացիայի, ահաբեկչության, տնտեսական ճգնաժամի լուծման տեմպերից դժգոհողների համար։

Հայաստանի համար Եվրոպայի խորհուրդը շարունակում է մնալ համաեվրոպական կարևոր կառույցներից մեկը, որի գործունեության առանցքն են կազմում մարդու իրավունքների երաշխավորումը, օրենքի գերակայությունը և ժողովրդավարությունը։ ԵԽ-ը մշտապես աջակցել և ուղեկցել է Հայաստանին ինչպես ժողովրդավարության անցումային, այնպես էլ դրա ամրապնդման և կայացման հետագա փուլերում։

2001թ. դառնալով ԵԽ անդամ և ստանձնելով մի շարք պարտավորություններ՝ Հայաստանը վերահաստատեց իր պատկանելիությունը եվրոպական մեծ ընտանիքին՝ ոչ միայն իր պատմությամբ ու մշակույթով, որոնք, անկասկած, Եվրոպայի անքակտելի մասն են կազմում, այլև այդ արժեհամակարգի նկատմամբ հավատարմությամբ: Այդ առումով ցանկանում եմ մեջբերել ընթացիկ տարվա հունվարին ԵԽ-ում Հայաստանի անդամակցության 16-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդի խոսքերը. «ԵԽ-ին Հայաստանի անդամակցությունից ի վեր` ՀՀ իշխանություններն առաջնորդվում են ԵԽ արժեքները պետական հասարակական կառույցներում և ազգային օրենսդրությունում ներդնելու և դրանք հետևողականորեն ամրապնդելու հաստատակամությամբ: Ուստի Եվրոպայի խորհուրդն աջակցում է կայուն և բարեկեցության ուղով առաջ շարժվող Հայաստանին և բարձր է գնահատում Հայաստանի համագործակցությունը, որը վկայում է ԵԽ-ի հետ դինամիկ երկխոսության հանդեպ ՀՀ իշխանությունների վճռական հանձնառության մասին»:

Ակներև է, որ Եվրոպայի խորհուրդը կարևոր դերակատարություն ունի ինչպես Հայաստանի հանրային-պետական կյանքում, այնպես էլ անհատ քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար։ Եվրոպայի խորհուրդն` իր բազմաթիվ մասնագիտացված մարմիններով, շարունակում է նշանակալի աջակցություն ցուցաբերել Հայաստանի կառավարության ժողովրդավարական բարեփոխումներին։ Արժանահիշատակ է Հայաստանի երկարամյա արդյունավետ համագործակցությունը Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի հետ։ Համագործակցության կարևոր գործիք է նաև Հայաստան-ԵԽ գործողությունների ծրագիրը, որը ներառում է տասնյակ ծրագրեր՝ արդարադատության, օրենքի գերակայության, մարդու իրավունքների և ժողովրդավարական կառավարման ոլորտներում։ Մեծ կարևորություն ունի նաև Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, որի վճիռներն էական են ոչ միայն անհատների խախտված իրավունքների վերականգման առումով, այլ նաև նախադեպային իրավունքի միջոցով նպաստում են եվրոպական չափանիշներին համահունչ օրենսդրության մշակմանը։

Օրեր. ԵԽ-ին անդամակցությունից հետ Հայաստանը ստանձնել է մի շարք պարտավորություններ և դարձել ԵԽ բազմաթիվ կոնվենցիաների անդամ։ Ինչպե՞ս կգնահատեք Հայաստանի կողմից այդ կոնվենցիաների կատարման գործընթացը։

Պարույր Հովհաննիսյան. Հայաստանն, իսկապես, լուրջ առաջընթաց է գրանցել իր ստանձնած պարտավորությունների կատարման հարցում։ Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայից բացի, վավերացրել է 60-ից ավելի ԵԽ կոնվենցիա։ ԵԽ-ն բազմիցս է նշել այդ փաստը և ընդգծել, որ մեր երկիրն ազգային մակարդակով վստահ քայլերով ամրապնդում է ժողովրդավարությունը։

Կառույցը, ըստ սահմանված պարբերական փուլերի, դիտարկում է Հայաստանում ընթացող գործընթացները, բարեփոխումները մոնիտորինգային մարմինների՝ ԵԽ նախարարների կոմիտեի ու ԵԽԽՎ մոնիտորինգային հանձնաժողովի համազեկուցողների աշխատանքի միջոցով։ Ի դեպ, ցանկանում եմ ընդգծել, որ Ազգային փոքրամասնությունների պաշտպանության ԵԽ կոնվենցիայի կատարման վերաբերյալ ՀՀ զեկույցում Հայաստանում Սիրիայից, Իրաքից 20.000-ից ավելի փախստականների ընդունման փաստն արձանագրելիս հստակ նշվում է, որ եվրոպական տարածքում տիրող հակամիգրացիոն տրամադրությունների ֆոնին փոքր տարածքով և հնարավորություններով օժտված Հայաստանի համար նմանօրինակ մեծածավալ ներգաղթը չի դրսևորվել փախստականների հանդեպ որևէ թշնամանքով և կանխակալ վերաբերմունքով: Ավելին` անկախ փորձագետներն արձանագրել են, որ թե´ ՀՀ իշխանությունները, թե´ քաղաքացիական հասարակությունը ջանքեր են գործադրում փախստականների ինտեգրումը հնարավորինս դյուրացնելու համար:

ԵԽ-ում Հայաստանը համագործակցություն է ծավալում նաև ԵԽ տեղական և տարածքային իշխանությունների Կոնգրեսի հետ` նպատակաուղղված ՀՀ համայնքներում տեղական ժողովրդավարության ամրապնդմանը, ինչպես նաև ԵԽ մասնագիտացած այլ կառույցների` Եվրոպական ֆիլմարտադրության աջակցման հիմնադրամի` Եվրիմաժի, Դեղորայքների որակի վերահսկման` Եվրոպական ֆարմակոպեայի հետ: Հայաստանը հետևողական հանձնառություն է դրսևորում նաև ԵԽ պաշտոնական լեզուների` անգլերենի և ֆրանսերենի իրավահավասարության սկզբունքի երաշխավորման հարցում` ԵԽ աշխատանքներում ի նպաստ տվյալ լեզուների հավասար գործածության և հասանելիության:

Մեր երկիրն ակտիվ մասնակցություն է ապահովում նաև ԵԽ հասարակական շարժումներում` անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարի համար կոչված «Ո´չ ատելության խոսքին» և 2016թ. նախաձեռնված «Ո´չ ատելությանը և ո´չ վախին» ահաբեկչական սպառնալիքի դիմակայման ԵԽ շարժմանը:

Օրեր. Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որքա՞ն հաճախ է անդրադառնում Հայաստանին առնչվող գործերին, հիմնականում ի՞նչ բնույթի են դրանք և որքանո՞վ են Հայաստանում իրականացվում ընդունված վճիռների կատարումը։

Պարույր Հովհաննիսյան. Ընդունված տեսակետ է, որ Ստրասբուրգի դատարանը (Մարդու իրավունքների եվրոպական դատարան – ՄԻԵԴ) Եվրոպայի խորհրդի կոնվենցիոն համակարգի «թագն» է։ Հայաստանը ևս մշտապես կարևորել է ՄԻԵԴ դերակատարությունը և աջակցել դրա արդյունավետության բարձրացմանն ուղղված բարեփոխումներին։ Հիշենք, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ և 16-րդ արձանագրությունները, որոնք վերաբերում են դատարանի հետագա բարեփոխումներին, ստորագրման համար բացվել են 2013թ.՝ ԵԽ-ում Հայաստանի նախագահության աշխատանքների ընթացքում։

Անդրադառնալով ՄԻԵԴ վճիռների կատարմանը, որոնց վերահսկողությունն իրականացնում է ԵԽ Նախարարների կոմիտեն (բարձրագույն գործադիր մարմին), նշեմ, որ Հայաստանն այդ առումով բավական բարենպաստ դիրքերում է։ 2015թ. Նախարարների կոմիտեում Հայաստանի վերաբերյալ առկախված է եղել 25 գործ, իսկ 2016թ. վերջին՝ 19-ը։

2015թ. փակվել է Հայաստանի վերաբերյալ 17 գործ, իսկ 2016թ. ավարտված է համարվել 16 գործերի նկատմամբ վերահսկողության իրականացումը։

Ընդհանրական պատկերը հասկանալու համար` նշենք, որ 2016թ. վերջին Նախարարների կոմիտեում կար առկախված մոտ 10.000 գործ, որոնցից 1.573-ը Ռուսաստանի դեմ, 168-ը՝ Ադրբեջանի դեմ, 39-ը Վրաստանի դեմ, 286-ը՝ Մոլդովայի դեմ և այլն։ Իհարկե, կան վճիռներ, որոնց իրականացումը ժամանակ և ռեսուրսներ է պահանջում։

Այդուհանդերձ Հայաստանում լուրջ ուշադրություն են դարձնում վճիռներում տեղ գտած խախտումների կրկնությունը կանխելու և համակարգային լուծումներ տալու աշխատանքներին։

Օրեր. ԵԽԽՎ-ում ի՞նչ դերակատարություն ունի ադրբեջանական լոբբին և որքանո՞վ է հայկական կողմին հաջողվում չեզոքացնել հակահայկական բանաձևերի ընդունումը։ Որքանո՞վ է մեր հարևան երկիրը առնչվում հայտնի կոռուպցիոն սկանդալներին ԵԽԽՎ-ում։

Պարույր Հովհաննիսյան. Անշուշտ, վերջերս ԵԽԽՎ-ում բռնկված կոռուպցիոն սկանդալները որոշակիորեն ստվեր գցեցին այդ կառույցի վրա և բացասաբար անդրադարձան դրա արժանահավատությանը։ Նախևառաջ խոսքը վերաբերվում է իտալացի նախկին պատգամավոր Լուկա Վոլոնտեին, որի նկատմամբ Միլանի դատախազությունը քրեական գործ է հարուցել: Շրջանառվում է նաև ադրբեջանական կողմից «ոչ պատշաճ» լոբբիստական գործունեության այլ դեպքերի մասին տեղեկատվություն, և վերջերս նույնիսկ ԵԽ գլխավոր քարտուղարը բաց նամակով դիմել է ԵԽԽՎ նախագահին` կոչ անելով անցկացնել համապատասխան հետաքննություն:

Ինչ վերաբերվում է ադրբեջանական կողմի նման գործելաոճին, ապա անցած տարվա հունվարին բրիտանացի պատգամավոր Ուոլթերի՝ ԼՂ վերաբերյալ տխրահռչակ բանաձևի` ԵԽԽՎ կողմից մերժումը ցույց տվեց դրա «արդյունավետությունը»:

Օրեր. Ինչպիսի՞ն եք տեսնում Հայաստան-ԵԽ հարաբերությունների ապագան։

Պարույր Հովհաննիսյան. Անդամակցությունից ի վեր Հայաստանն ակտիվորեն ներգրավված է ԵԽ աշխատանքներում և իր ավանդն է բերում կազմակերպության բարեփոխման և «եվրոպական ճարտարապետությունում» դրա դերի ամրապնդման շարունակական գործընթացին։

Մենք արդյունավետորեն համագործակցում ենք ԵԽ գլխավոր քարտուղարի, քարտուղարության ստորաբաժանումների, ԵԽԽՎ-ի, Կոնգրեսի, Մարդու իրավունքների հանձնակատարի հետ՝ նպատակ ունենալով ընդլայնել ԵԽ արդյունավետությունը մարդու իրավունքներին ու ժողովրդավարությանը սպառնացող մարտահրավերների հաղթահարման գործում։

Մենք վստահ ենք, որ Եվրոպայի խորհուրդն իր անդամ երկրների աջակցությամբ կկարողանա հաղթահարել նաև կառույցի ներսից եկող մարտահրավերները և կշարունակի ծառայել իր կանոնադրական նպատակներին՝ ի շահ 47 երկրի և այդ երկրների 820 միլիոն քաղաքացիների։ 

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: