• English
  • Հայերեն
Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն
  • Մշտական ​​ներկայացուցչություն
    • Մշտական ​​ներկայացուցիչ
    • Տվյալներ, աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Հայաստանը Եվրոպայի խորհրդում
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր

Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով

23 նոյեմբերի, 2017
Եվրոպայի խորհրդում Հայաստանի դեսպան. ՀՀ մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ՀՀ արձանագրած հաջողություններով
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանի հարցազրույցը «Panorama.am» լրատվական գործակալությանը

Հարց. Պարոն դեսպան, օրերս Հայաստանում էին Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) պատվիրակությունները, որոնք ուսումնասիրում են Հայաստանի պարտավորությունների կատարումը։ Ինչպե՞ս է գնահատվում Հայաստանի պարտավորությունների կատարման ընթացքը, ի՞նչ ակնկալիքներ ունենք:

Պարույր Հովհաննիսյան. Հայաստանը ստանձնել է այս պարտավորությունները դեռ 2001թ.՝ Եվրոպայի խորհրդին անդամակցությամբ։ Այս մեկ ու կես տասնամյակի ընթացքում տեղ գտած համակարգային բարեփոխումների շնորհիվ Հայաստանին հասցեագրված պարտավորությունների մեծամասնությունը կատարվել է։ Այս մասին նշում են ինչպես Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեի մոնիտորինգային խումբը, այնպես էլ ԵԽԽՎ Հայաստանի հարցով համազեկուցողները։ Մոնիտորինգային այս երկու ձևաչափերի վերջին այցելությունները թույլ տվեցին ևս մեկ անգամ ուսումնասիրել Հայաստանում տեղի ունեցող զարգացումները, սահմանադրական բարեփոխումներին հաջորդող գործընթացը, օրենսդրական բարեփոխումների փաթեթը և այլն։ Կարծում եմ, որ Հայաստանի մոնիտորինգի պատասխանատուները տպավորված են ստանձնած պարտավորությունների կատարման հարցում Հայաստանի հանձնառությամբ և արձանագրած հաջողություններով։

Հարց. Կա՞ն արդյոք նախադրյալներ, որ Հայաստանը մոնիտորինգային կարգավիճակից անցում կկատարի հետմոնիտորինգային ձևաչափի:

Պարույր Հովհաննիսյան. Դեռևս 2016թ. մարտին ԵԽ նախարարների կոմիտեն որոշում ընդունեց Հայաստանի ստանձնած պարտավորությունների կատարման վերաբերյալ, որում արձանագրվեց, որ Հայաստանի մոնիտորինգի ձևաչափի փոփոխման հարցը պետք է քննարկման առարկա դառնա։ Հաջորդ տարի ակնկալվում է ԵԽԽՎ համազեկուցողների նոր զեկույցը, որում, հավանաբար, նույնպես տեղ կգտնի Հայաստանի նկատմամբ մոնիտորինգի ձևաչափի փոփոխման հարցը։ Պետք է նշեմ, սակայն, որ մի շարք քաղաքական նկատառումներ, որոնք Հայաստանի հետ առնչություն չունեն, կարող են որոշակի ազդեցություն ունենալ այս գործընթացի վրա: Առաջին հերթին դա վերաբերում է այն հանգամանքին, որ այս տարի վերականգնվել է Թուրքիայի նկատմամբ ԵԽԽՎ մոնիտորինգը այն դեպքում, երբ նրա նկատմամբ 13 տարի հետմոնիտորինգային ձևաչափ էր գործում։ Ամեն դեպքում, մենք այս գործընթացը չենք դիտարկում որպես «ժողովրդավարության վերահսկողություն», ինչպիսին, միգուցե, այն հանդիսանում էր ի սկզբանե, այլ որպես Եվրոպայի խորհրդի հետ համատեղ Հայաստանում իրականացվող բարեփոխումներին աջակցող գործիք։ Մոնիտորինգի ձևաչափի փոփոխության հարցն, իհարկե, կշարունակի մնալ մեր օրակարգում։

Հարց. Ի՞նչ զարգացումներ են սպասվում ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանում՝ ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի հրաժարականից, «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումներից հետո:

Պարույր Հովհաննիսյան. Այս տարվա ապրիլին ԵԽԽՎ համապատասխան բանաձևով ստեղծվել է կոռուպցիոն գործարքները հետաքննող անկախ մարմին։ Այն աշխատում է գաղտնիության պայմաններում, բայց կասկած չունեմ, որ «Ադրբեջանական լվացքատան» բացահայտումները նրանց կողմից մանրակրկիտ ուսումնասիրվում են։ Ակնկալվում է, որ այս անկախ մարմինը առաջիկայում կներկայացնի իր զեկույցը, որը հավանաբար կներառվի ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանի օրակարգում։ Բացի այդ, նշեմ, որ այս բացահայտումների ֆոնին ԵԽԽՎ նախորդ՝ հոկտեմբերին կայացած նստաշրջանին ընդունված բանաձևով բարեփոխվեց ու խստացվեց ԵԽԽՎ անդամների, այդ թվում՝ զեկուցողների վարվելակարգը՝ կոռուպցիոն ռիսկերը հնարավորինս նվազեցնելու նպատակով։ Ակնհայտ է, որ ԵԽԽՎ քարտուղարությունն էլ, անդամներն էլ մեծապես շահագրգռված են ստեղծված ճգնաժամը հաղթահարելու մեջ։ Առհասարակ, ինչ վերաբերում է ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանին, օրակարգային հիմնական թեմաներն են լինելու Ռուսաստանի պատվիրակության վերադարձը, ինչպես նաև ԵԽԽՎ նոր նախագահի ընտրությունը։

Հարց. Պարոն Հովհաննիսյան, Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեն ընդունեց աննախադեպ որոշում՝ կապված Իլգար Մամմադովի վճռի չկատարման հետ, որը կարող է հանգեցնել ԵԽ-ին Ադրբեջանի անդամակցության կասեցմանը: Ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի անդամակցության կասեցման հավանականությունը:

Պարույր Հովհաննիսյան. Այս գործընթացը սկսվել է դեռևս 2015թ. դեկտեմբերին, երբ ԵԽ գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը նախաձեռնեց Ադրբեջանի կողմից Մամմադովի ազատ արձակման վճռի չկատարման շուրջ հետաքննությունը, որը նախատեսված է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 52-րդ հոդվածով)։ Գրեթե երկու տարի է «Մամմադովն ընդդեմ Ադրբեջանի» վճռի կատարման հարցը ներառված է Նախարարների կոմիտեի բոլոր հանդիպումների օրակարգում։ Ոչ ԵԽ բարձր ղեկավարության հորդորները, ոչ էլ Նախարարների կոմիտեում հարցի մշտական քննարկումները արդյունք չտվեցին։ Մարդու իրավունքների կոնվենցիայի նմանատիպ անարգանքն էր պատճառը, որ ԵԽ Նախարարների կոմիտեն հոկտեմբերի 25-ին Ադրբեջանի իշխանություններին պաշտոնական ծանուցում տվեց առ այն, որ վճռի չկատարման հարցը ներկայացվելու է Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Սա նախատեսված է կոնվենցիայի 46.4 հոդվածով, որը պատմության մեջ առաջին անգամ է գործադրվում։ Ըստ հոդվածի դրույթների՝ եթե ԵԽ անդամ պետությունը ձախողում է իրագործել կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները, այսինքն՝ չի իրականացնում դատարանի վճիռը, նախարարների կոմիտեն կարող է հարցում ուղղել դատարանին։ Վերջինս պետք է դիտարկի, թե արդյոք առկա է կոնվենցիայի խախտում։ Եթե խախտում արձանագրվում է, հարցը վերադարձվում է Նախարարների կոմիտե՝ որոշում կայացնելու։

Ադրբեջանին ժամանակ է տրվել մինչև նոյեմբերի 29-ը՝ իր դիրքորոշումը ներկայացնելու համար։ Մինչ այս ժամկետը վճռի չկատարման պարագայում արդեն կյանքի կկոչվի վերոնկարագրյալ գործընթացը։ Դատարանի դիրքորոշումը ստանալուց հետո արդեն նախարարների կոմիտեն կքննարկի հնարավոր հետագա պատժամիջոցները։ Այս առումով տարբեր սցենարներ կարող են գործադրվել՝ զրկել պատվիրակությանը քվեարկության իրավունքից, սառեցնել անդամակցությունը, կասեցնել այն և անգամ, որպես ամենածայրահեղ լուծում, կարող է բարձրացվել Ադրբեջանի անդամակցության դադարեցման հարցը։

Հարց. Օրեր առաջ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մույժնիեկսը կոչ արեց Հայաստանին վավերացնել Լանզարոտի կոնվենցիան (Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին Եվրոպայի խորհրդի կոնվենցիա): Հայաստանը չի վավերացրել նաև Ստամբուլի կոնվենցիան (Կանանց նկատմամբ բռնության և ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին կոնվենցիա): Ինչպիսի՞ խոչընդոտներ կան այս կոնվենցիաներին միանալու համար:

Պարույր Հովհաննիսյան. Որևէ խոչընդոտ չկա։ Ստամբուլի կոնվենցիան ստորագրելու և Լանզարոտի կոնվենցիան վավերացնելու հարցերը գտնվում են մեր օրակարգում։ Շարունակվում են համապատասխան ներքին ընթացակարգերը և, կարծում եմ, որ մոտ ապագայում մենք կմիանանք այս կարևոր միջազգային գործիքներին։

կիսվել:
Հայաստանի ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

40 allée de la Robertsau, 67000,
Strasbourg, France
+33 3 88 24 27 17

Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցչություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: